Apple-ը հունիսին կթողարկի նոութբուքերի երեք նոր մոդել. Bloomberg

12:05, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերությունը հաջորդ ամսվա սկզբին մտադիր Է ներկայացնել նոութբուքերի երեք նոր մոդելներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, հայտարարությունն արվելու Է Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) ամենամյա տեխնոլոգիական խորհրդաժողովում, որը տեղի կունենա հունիսի 5-ից 9-ը: Ընկերությունը կթողարկի MacBook Pro` Intel-ի արտադրության Kaby Lake պրոցեսորով: Իր դիզայնով համակարգիչը քիչ Է տարբերվելու նախորդ մոդելից: Բացի այդ, ներկայացվելու են MacBook նոութբուքեր 12-դյույմանոց դիսփլեյով եւ նորացված MacBook Air՝ նույնպես նոր պրոցեսորով: 
Apple-ի կամ Intel-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն եղել: Bloomberg-ի գնահատումների համաձայն, նոութբուքերին բաժին Է ընկնում Apple-ի վաճառքների մոտավորապես 11 տոկոսը այն դեպքում, երբ iPhone սմարթֆոնների իրացմանը՝ գրեթե երկու երրորդը: Ինչպես ընդգծվում Է հրապարակման մեջ, Apple-ն ակնկալում Է, որ նորույթները կկարողանան մրցակցել Microsoft-ի Surface Laptop նոր նոութբուքի հետ, որը ներկայացվել Է այս ամսվա սկզբին Windows 10 S գործառական համակարգի հետ միասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am