Գյումրին կներկայանա իր արհեստով, արվեստով, համ ու հոտով. կանցկացվի «Լենդուտա» խորագրով նոր փառատոն

17:16, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին հանդես է գալիս նոր զբոսաշրջային փառատոնով: Հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող քաղաքում հուլիսի  29-ին նախատեսվում է անցկացնել Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրու ավանդական արհեստները՝ արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով:

«Սովորաբար ընկալվում է, որ հուլիսին Հայաստանում տոթ է և այդ շրջանում Հայաստան չարժե գնալ: Ավելին, զբոսաշրջային ակտիվությունը փոքր-ինչ նվազում է: Բայց հուլիսին Գյումրիում լավագույն սեզոնն է, հիանալի` եղանակ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  Գյումրիի Berlin Art Hotel-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

Փառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 28-ի երեկոյան, տոնական համերգով: Հաջորդ օրը Գյումրիի փողոցներով կանցկացվի շքերթ: Մշակութային օջախները կներկայանան միջոցառումների հագեցած օրակարգով` համերգ, ցուցահանդես, բեմական ներկայացումներ, կլինեն ժողգործիքների կատարումներ:  Ծրագիրը շարունակվելու է մինչև ուշ երեկո:

«Երեկոյան ժամը 21.30-ից կենտրոնական հրապարակը կվերածվի իր ձևով իտալական հրապարակի, այն կլինի ընդհանուր մեծ սրճարան, որտեղ մարդիկ կարող են ինչ-որ բան պատվիրել: Հյուրանոցների, ռեստորանների հետ խոսել ենք, կարծում ենք, այդ հատվածը կապահովեն: Նպատակը ոչ թե նստելու, ուտելու մեջ է, այլ մեծ էկրանին ցուցադրվելիք` Գյումրիի մասին պատմող երաժշտական ֆիլմերի դիտում կազմակերպելը»,-ասաց Ալեքսան Տեր-Մինասյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա:

«Ինչպես տեսնում եք, բովանդակային ծրագիր է նախատեսված: Գյումրին ներկայանալու է իր արհեստներով, արվեստով, համ ու հոտով: Սա մասնավոր- պետական հատված համագործակցության լավ օրինակ է: Գյումրին ունի մեծ պոտենցիալ տարածաշրջանային զբոսաշրջային կենտրոն դառնալու համար: Նախադրյալները ստեղծված են, երկու ավիաընկերություն Գյումրիից թռիչքներ է իրականացնում: Տարբեր միջոցառումներով, այդ թվում այս փառատոնով նպաստելու ենք Գյումրիի զարգացմանը»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը: 


© 2009 ARMENPRESS.am