Գերմանիայի հյուպատոսն այցելել է Թուրքիայում կալանավորված լրագրողին

11:17, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Գեորգ Բիրգելենն այցելել է թուրքական Սիլիվրիի բանտում գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ հյուպատոսը հնարավորություն է ունեցել տեղեկանալ Յուջելի առողջական ու բանտային պայմաններից:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, անդրադառնալով հյուպատոսի կողմից լրագրողին այցելությանը, կրկին հայտարարել է, որ գերմանական կողմը պահանջում է նրան ազատ արձակել:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:


© 2009 ARMENPRESS.am