«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում լիկվիդացվել են մի շարք աղբավայրեր

19:06, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության 791 համայնքից  ավելի քան 480-ն ունեն աղբահանության ծախսային հոդվածներ, որն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 4 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ, հանձնաժողովի քարտուղար Արտաշես Բախշյանը:   Նրա խոսքով՝ բոլոր մարզային հանձնաժողովները ստեղծված են, որոնք իրենց ժամանակացույցով աշխատանքներն իրականացրել են  և արդյունքները ներկայացրել են միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով: 

«Բոլոր մարզային հանձնաժողովները տիրապետում են  Google Earth-ի  միջավայրում մեր կազմած աղբանոցների քարտեզներին և աշխատանքներ են կազմակերպում համաձայն այդ քարտեզների։ Ընթացիկ շաբաթվանից սկսած արդեն սկսել են  զեկուցումները, թե որտեղ քանի աղբանոց է փակված, մաքրված կամ տեղափոխված: Զուգահեռ  իրականացնում են հատկորոշման խնդիրները աղբավայրերում, որտեղ  պետք է տեղափոխեն մարզում առաջացած աղբը: Ներկայումս 320 աղբանոցի լիկվիդացիայի համար արդեն մեզ զեկուցված է»,- շեշտեց Արտաշես Բախշյանը: 

Արարատի մարզպետի տեղակալ, Արարատի «Մաքուր Հայաստան» ծրագրի մարզային հանձնաժողովի ղեկավար Հայրապետ Բաբայանի խոսքով՝ 262 արձանագրված աղբանոցից այնտեղ արդեն լիկվիդացվել է  162-ը: ՀՀ Արմավիրի մարզում 171 արձանագրված աղբավայրերից արդեն իսկ փակվել է 20-ը, Կոտայքի մարզում` 184-ից 36-ը, Շիրակի մարզում 337-ից 31-ը: 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե  Տերտերյանը նշեց, որ մայիսի 27-ին նախատեսված համապետական միջոցառման առումով կան որոշակի կազմակերպչական խնդիրներ, որոնք պետք է մոբիլիզացվեն առաջիկա օրերի համար:

«Մարզպետարանների հետ ակտիվ աշխատում ենք այս ծրագրի շրջանակում: Խնդիրներ արդեն իսկ նկատում ենք մարզպետարանի հետ աշխատանքում։ Խոսքը վերաբերում է հատկապես հանրապետական գործադիր մարմինների, բիզնես ստրուկտուրաների և մարզպետարանների համաչափ շփումներին»,- նշեց Տերտերյանը: 

Նա նշեց, որ հիմա ունեն ակտիվ աշխատող շփման հարթակ, ինչը հետագայում նաև հնարավորություն  կտա հետադարձ հսկողության, բնակչության հետ ակտիվ շփման  կապի շրջանակում այդ գործընթացը պահել պատշաճ մակարդակի վրա:

«Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի առաջին փուլը հատկանշվում է ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների կատարմամբ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մեկնարկած և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր համակարգմամբ իրականացվող «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով արդեն իսկ նշմարելի են կատարված աշատանքները։ 
 

Մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ։ 

 


© 2009 ARMENPRESS.am