Արտաշատում հսկա բարդի է տապալվել

19:26, 19 Մայիս, 2017

 

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ «Կակտուս» խանութի դիմաց, այսօր մոտավորապես  ժամը 15:15 րոպեին հուժկու քամու հետեւանքով շուրջ 13 մ բարձրությամբ բարդին ընկել է այնտեղ կայանած երկու Mercedes մակնիշի մեքենաների վրա: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանն ասաց, որ Ոստիկանությունից ահազանգ ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը, փակել ճանապարհը եւ վնասազերծել մեքենաները: Տարերային աղետի հետեւանքով կտրվել են հաղորդալարեր, վնասվել է հենասյուն: Դեպքի վայրում են եղել նաեւ շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: Արտաշատի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցները մասնատել են տապալված բարդին եւ մաքրել տարածքը: Տարերային աղետի հետեւանքով մարդկանց վնասներ չեն պատճառվել:

 

 

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am