Արհեստագործական ուսումնարանների խոշորացման արդյունքում ուսուցչական կրճատումներ չեն լինի

19:36, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արհեստագործական ուսումնարաններն օպտիմալացման կարիք ունեն, քանի որ մեկ փոքրիկ վայրում աշխատում են և՛ արհեստագործական ուսումնարանը, և՛ քոլեջը. երկուսն էլ` 30-40 աշակերտով: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ասաց, որ հնարավոր է միավորել այդ երկու հաստատությունները և կրթությունը պահել մեկ շենքի ներքո։ 

«Միջին մասնագիտական կրթական հաստատությունն իրավունք ունի տալ արհեստագործական կրթություն: Այստեղ ուսուցչական կրճատում չի լինի, քանի որ մենք կարիք ունենք մասնագետների, ուղղակի շենքային ավելորդ ծանրաբեռնվածությունից կխուսափենք: Հիմա Եվրամիության հետ բանակցում ենք, որպեսզի կարողանանք նպատակային ծրագրեր ներդնել»,- նշեց Մկրտչյանը: 

Արհեստագործական ուսումնարանների դեպքում խոշորացնելու և ուղղորդելու կարիք կա։ Նախարարի պաշտոնակատարի պնդմամբ՝ պետք է լրջորեն նայել նաև մասնագիտությունների կառուցվածքին: Տվյալ հաստատություններում մասնագիտությունների ներառումը պետք է աշխատաշուկան թելադրի, և հենց աշխատաշուկան էլ կառավարման համակարգի մաս պետք է կազմի: 

Մայիսի 11-ին ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել նախնական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խոշորացման ծրագիր: 


© 2009 ARMENPRESS.am