Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստը

20:04, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդին են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Ըստ վերլուծությունների, գրավչության, արդյունավետության, տարբեր չափանիշների հիման վրա ներկայացվել են ճանապարհահատվածների երեքական տարբերակներ, որոնցից պետք է ընտրվեն վերջնական նախագծերը: Նշվել է, որ նպատակն է ունենալ արագ և անվտանգ ավտոճանապարհներ, երթևեկությունը տեղափոխել Գյումրիի կենտրոնից, շրջանցիկ ճանապարհով ապահովել  կապ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածի նախագծին՝ ևս երեք տարբերակների հիման վրա: 

Խորհուրդը քննարկել և   հավանություն է տվել գնահատող հանձնաժողովի անհատական կազմում փոփոխություն կատարելու և հանձնաժողովի նոր կազմը հաստատելու հարցին: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրին առնչվող մի շարք այլ հարցերի: 


© 2009 ARMENPRESS.am