Հայ ընթերցասերները ծանոթացան Իվ Բոֆուայի և Ժերար դը Նեվրալի հայերեն թարգմանված գործերին

20:26, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի դուստր  Շուշանիկ Թամրազյանը և նրա ուսանողուհիները մայիսի 19-ին Հայաստանի գրողների միությունում ընթերցեցին  19 և 20-րդ դարերի ֆրանսիացի ականավոր  գրողներ Ժերար դը Նեվրալի և Իվ Բոնֆուայի  հայերեն թարգմանությամբ ստեղծագործություններից հատվածներ:  Թարգմանությունները կատարել է Շուշանիկ Թամրազյանը:

«Թարգմանում եմ միայն այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք մոտ  ու հարազատ են ինձ: Կան բազմաթիվ բարձրակարգ թարգմանիչներ, որոնք իրենց օտար գրողների գրքերն էլ են թարգմանում: Ես այդպես չեմ կարող, քանի որ ինձ համար թարգմանությունը ստեղծագործություն է, որի միջոցով լեզվական նոր տիրույթում բնագրին համարժեք տեքստ է ստեղծվում, իսկ դրա համար անհրաժեշտ է  ընդունել հեղինակին, հասկանալ նրա գործերի ոճական առանձնահատկությունները»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` նշեց  Շուշանիկ Թամրազյանը:

Նա ընդգծեց, որ Իվ Բոնֆուա հեղինակին հայտնագործել է Ֆրանսիայում ժամանակակից  ֆրանսիական գրականություն ուսումնասիրելիս: Բոնֆուայի «Անկարելի» ժողովածուն  գերել,  կախարդել է Թամրազյանին: «Նա խոսում էր  խոր աշխարհի մասին և Ֆրանսիայում գտնվելով՝ ես ինձ զգացի ինչպես իմ հայրենիքում, իմ ակունքներում: 2000 թվականից սկսեցի թարգմանել նրա ստեղծագործությունները: Երեք տարին մեկ մի նոր ժողովածու է լույս տեսնում իմ թարգմանությամբ»,-ասաց նա:

Ֆրանսիացի մեկ այլ հեղինակ Ժերար դը Նեվրալը ֆրանսիական ռոմանտիզմի ամենալավ ներկայացուցիչներից մեկն է: Նեվրալին  ժամանակին այնքան էլ չեն գնահատել, սակայն հետո նշել են, որ նրա և Բոնֆուայի գործերում բարբառում է ճշմարիտ ֆրանսերենը:

Միջոցառման մասնակից, Շուշանիկ Թամրազյանի ուսանողուհի Վարդ Մազմանյանի խոսքով՝ Իվ Բոնֆուայի գործերն իրեն հոգեհարազատ են: «Ներկայացնելու եմ հատվածներ նրա «Մեծ արջ» ժողովածուից: Իվ Բոնֆուան նոր աշխարհ է բացել իմ առաջ և նրա ստեղծագործություններն ընթերցելով՝ հասկանում եմ, որ հեղինակը դուրս է ցանկացած տարածությունից ու ժամանակից, հնարավորություն է տալիս անդադար վեր բարձրանալ»,-շեշտեց Մազմանյանը:

Նա հավելեց, որ «Մեծ արջ» ժողովածուն կազմված է անանուն կնոջ և տղամարդու երկխոսությունից, որոնք անգամ չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շուրջ:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Շուշանիկ Թամրազյանը լավագույնս թարգմանել է այս գրողների գործերը:

«Կարծում եմ, որ Շուշանիկը ժառանգել է Հրանտ և Հրաչյա Թամրազյանների լեզվական ամբարումները, և նա հայերենի տարբեր շերտերի աննման զուգակցմամբ թարգմանել է այդ հեղինակներին՝ նրանց վայել լեզվամտածողությամբ ներկայացնելով»,-ընդգծեց նախագահը:

Ըստ Միլիտոնյանի՝ Շուշանիկը հրաշալի հանդիպում է կազմակերպել, ինչը ընթերցասերներին թարգմանական գրականությանը ծանոթացնելու հրաշալի սկիզբ է:

Շուշանիկ Թամրազյանը շարունակում է թարգմանչական աշխատանքներ իրականացնել: Ներկայումս դասավանդում է ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի թարգմանաբանության ամբիոնում:


© 2009 ARMENPRESS.am