Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշերվա» ընթացքում ունեցել է 645 այցելու

14:57, 22 Մայիս, 2017
ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գավառ քաղաքի Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպված «Թանգարանային գիշեր» միջոցառմանը ներկա են եղել 645 այցելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, թանգարանի այցելուները հիմնականում եղել են Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների առանձին կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոլեկտիվներ, ընտանիքներ, անհատ քաղաքացիներ:
«Մեզ են այցելել նաեւ «Սարդարապատ» թանգարանի ազգագրագետները, Գանձակի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը, բազմաթիվ մանկավարժներ ու աշակերտներ: «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում մեր թանգարանում  բացվեցին ցուցադրություններ՝ Սեւանի ավազանի հուշարձաններին «Արցախյան հերոսամարտում զոհվածներ Արմեն Մարտիրոսյանին,Գուրգեն Այվազյանին, Արման Ղանդիլյանին նվիրված թեմաներով, առանձին ցուցադրությամբ ներկայացվեցին նաեւ Գավառ քաղաքի գեղանկարիչներ Աշխեն Սարգսյանի,Շուշան Ալմոյանի եւ Մանվել Մուրադյանի գեղանկարչական աշխատանքները: Թանգարանում տեղի ունեցած ցուցադրություններից հետո ելույթ ունեցան Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Թանգարանի մուտքի մոտ կազմակերպված բացօթյա ցուցադրությանը ներկայացվեցին թանգարանում պահպանվող ազգագրական իրերի հետաքրքիր ու արժեքավոր նմուշներ»,-պատմեց Բյուրեղիկ Հովեյանը:
Խոսրով Խլղաթյան

© 2009 ARMENPRESS.am