Հայ փոքրիկները ծանոթացան Յան Պաուլ Սխուտենի հեքիաթային աշխարհին
16:52, 22 Մայիս, 2017ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ 3+ մանկական հրատարակչության ջանքերով հայերեն է թարգմանվել հոլանդացի հայտնի գրող, Gouden Griffel մրցանակի կրկնակի դափնեկիր Յան Պաուլ Սխուտենի և նկարիչ-իլյուստրատոր, հոլանդական Disney ամսագրի, Donald Duck-ի ծաղրանկարիչ Կեյս դը Բուրի «Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» մանկական ստեղծագործությունը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 22-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում:
«Կարծում եմ` այս ստեղծագործությունը շատ է գրավել երեխաներին, քանի որ այն բավականին զվարճալի է ու պայծառ: Փոքրիկներին հետաքրքրում է իրենց միջավայրում կատարվող ամեն բան: Քանի որ ես մտածում եմ այնպես, ինչպես նրանք, գրում եմ հենց մանուկների համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Յան Պաուլ Սխուտենը:
Հեղինակը ստեղծել է ավելի քան քառասուն գրքեր, որոնք թարգմանվել են չինարեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով:
Նրա խոսքով` իր գաղափարները շատ են: «Պատրաստվում եմ գրել նաև «Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» գրքի շարունակությունը, որը կպատմի երեք տատիկների մասին»,-ասաց նա:
Յան Պաուլ Սխուտենն իր ստեղծագործություններում անդրադառնում է տիեզերքի ստեղծմանը, խոսում է կենդանիների, հրեշների և այլ հերոսների մասին: Նա շեշտեց, որ երբեմն հատուկ ուղերձեր ունենում է, երբեմն` ոչ:
3+ մանկական գրքերի հրատարակչության հիմնադիր Արմեն Կարապետյանն ասաց, որ Միջազգային մանկական գրքերի շնորհանդեսին է ծանոթացել Յան Պաուլ Սխուտենի գրքին, և այն իրեն շատ է գրավել: «Հետաքրքիր էր գաղափարը: Գլխավոր հերոսն ունի երեք պապիկ: Շատ եմ կարևորում տղամարդու դերը ընտանիքում, երեխայի դաստիարակության գործում: Այս հեքիաթում դա վառ է արտահայտված, այդ իսկ պատճառով որոշեցինք հրատարակել այն»,-ընդգծեց հրատարակիչն ու հավելեց, որ գիրքը հնարավոր է ձեռք բերել Երևանի գրախանութներում:
Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ փոքրիկներ, որոնք մեծ հետաքրքրությամբ ու ոգևվորությամբ էին դիտում և մասնակցում գրքի բեմականացված ներկայացմանը: Շնորհանդեսի ավարտին նրանք նկարվեցին հեղինակի հետ ու ձեռք բերեցին գրքերը նրա մակագրությամբ:
«Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» պատմում է փոքրիկ Հայկի և իր պապիկների մասին: Հայկն ունի երեք պապիկ և երեք տատիկ: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն են ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն:
Պապիկները Հայկի համար հեծանիվ են սարքում, որ նա դպրոց գնա: Երբ Հայկը դժգոհում է ծակ անվադողերով հեծանվից, մի քիչ չափազանցնող, մի քիչ գլուխգովան պապիկները որոշքւմ ոն իրոց թոռնիկին անհավանական արկածների մասին պատմել:
Զվարճալի նկարազարդումներով պատմությունն ամենալավ նվերը կլինի հայ թոռնիկների համար, իսկ մեծահասակներին հնարավորություն կընձեռի «նստել ժամանակի մեքենան», այս դեպքում հեծանիվը և մի քանի րոպեով ետ գնալ մանկություն:
© 2009 ARMENPRESS.am