Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին

14:19, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները և վճռական է համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:


© 2009 ARMENPRESS.am