Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը

14:21, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մայիսի 23-ին  ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ռուսաստանից աշխատանքային քննարկումների նպատակով Հայաստան են ժամանել ինչպես «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ: 

Աշխատանքային քննարկումներին հայկական կողմից մասնակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի, Բյուրականի աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ: 

Վահան Մարտիրոսյանը, ողջունելով  հյուրերին, հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրերին արդյունավետ քննարկումներ կլինեն, որոնք կտան շոշափելի արդյունքներ: 

Քանի որ պատվիրակությունը բավական մեծաթիվ է, օրակարգն էլ՝ հագեցած, որոշում է կայացվել բաժանվել  աշխատանքային 3 խմբերի։  Նրանց աշխատանքը նախարարության կողմից կհամակարգի նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Աշխատանքային խմբերը կքննարկեն ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի ներդրմանն առնչվող հարցեր: 

Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը: 

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ: 

Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոս»-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am