«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել է Մոուրինյոյի ասուլիսը

16:07, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ կայանալիք մամուլի ասուլիսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ակումբը: Ֆուտբոլի Եվրոպայի միությունը դեմ չի եղել որոշմանը՝ հաշվի առնելով Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և հոլանդական «Այաքս»-ը: Հանդիպումը կկայանա Ստոկհոլմում մայիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:  

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էին մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել են 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:

 


© 2009 ARMENPRESS.am