Գրիզմանը պատրաստ է հանուն տիտղոսների հեռանալ «Ատլետիկո»-ից

19:25, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ ամռանը պատրաստ է հեռանալ մադրիդյան ակումբից: Ֆրանսիացու խոսքով, որին եվրոպական ԶԼՄ-ներն «ուղարկում» են «Մանչեսթեր Յունայթեդ», ինքը պատրաստ է գնալ նման քայլի հանուն տիտղոսների նվաճման:  

«Մենք Պրիմերան եզրափակել ենք երրորդ տեղում, ինչն ակումբի նպատակն էր, բայց խաղացողները ցանկանում են ավելին: Ես հանգել եմ նրան, որ ուղղակի լավ ֆուտբոլ խաղալն ու գոլեր խփելը բավարար չեն: Տիտղոսներ նվաճել՝ դա այն է, ինչի ուղղությամբ ես կկողմնորոշվեմ մոտակա ամռանը, երբ ստիպված կլինեմ որոշում կայացնել իմ ապագայի ուղղությամբ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Get Football News France-ը, ասել է Գրիզմանը՝ ավելացնելով, որ այսօր, եթե ստիպված լինի հեռանալ, ապա դա խնդիր չի առաջացնի:

«Իմ ապագա ակումբը, հնարավոր է, կարող է լինել Անգլիայից, քանի որ դա այսօր թրենդ է: Գերմանիա, Չինաստան կամ ԱՄՆ...Ես պատրաստ եմ հեռանալ «Ատլետիկո»-ից»,- ընդգծել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:   

 


© 2009 ARMENPRESS.am