Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին դասական երաժշտության համերգ է կազմակերպվել

12:30, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ մայիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին:

Համերգին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար Աննա Սվիտալսկան, ռազմական կցորդ Կոլոնել Դարիուս Մարինովսկին, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:

Արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի դարավոր պատմությունը, ձեռքբերումներն ու բերած նպաստը` երկրի զարգացման, հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև մանրամասնորեն անդրադարձավ լեհահայոց մեծ ներդրմանը լեհական մշակութային կյանքում: Արվեստագետը նշեց, որ համայնքի հայապահպանության, ինքնակազմակերպման գործում մեծ է Սփյուռքի նախարարության դերակատարությունը, ի մասնավորի 2009թ. Լեհահայերի 1-ին համաժողովին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությունը բացառիկ ոգևորություն է առաջացրել համայնքում, դարձել շրջադարձային խթան` հայի տեսակը, ավանդույթներն ու մայրենի լեզուն պահպանելու գործընթացում:

Հնչեցին լեհ հանրահայտ կոմպոզիտորներ Ֆեդերիկ Շոպենի, Հենրիկ Վենյավսկու,  Գրժինա Բացեվիչի և Վիտոլդ Լյուիտոսլավսկու ստեղծագործությունները: Կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Տիգրան Պետրոսյանը, Անի Խաչունցը, Մարտին Շահբազյանը, Աշխեն Բաբալարյանը, Էմմա Լալայանը, Արմեն Պուչինյանը, Խաչիկ Անդրեասյանը, նվագացկեցին Հասմիկ Տեր-Անտոնյանը և Սուսաննա Երիցյանը:


© 2009 ARMENPRESS.am