Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն

14:30, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում Անկարայի քաղաքապետարանում ու թաղապետարաններում աշխատող 115 մարդու ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հաղորդվում է, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են:

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:


© 2009 ARMENPRESS.am