Ոստիկանությունն Էջմիածնում կանխել է նախապատրաստվող սպանությունը

09:40, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։

Քննությունը շարունակվում է։


© 2009 ARMENPRESS.am