Մանչեսթրում ահաբեկչության գործով բերման ենթարկվածների թիվը հասել Է ութի

10:58, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները եւս երկու մարդու են բերման ենթարկել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին Twitter-ում հայտնել Է Մեծ Մանչեսթրի ոստիկանությունը:
«Այսօր առավոտյան մենք խուզարկություններ ենք անցկացրել Վիթինգթոնի շրջանում, ձերբակալվել Է մի տղամարդ: Հետաքննության կապակցությամբ մեկ ուրիշ տղամարդ նույնպես այսօր առավոտյան ձերբակալվել Է Մանչեսթրում»,- հայտնել Է ոստիկանությունը:
Ավելի վաղ իրավապահները Twitter-ում տեղեկացրել Էին, որ «Մանչեսթր Արենա»-ում կատարված ահաբեկչության կապակցությամբ բերման ենթարկված կինն ազատ Է արձակվել առանց նրա նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելու: Այսպիսով, կալանքի տակ գտնվող կասկածյալների ընդհանուր թիվը հասել Է ութի:
Քննիչները գտնում են, որ ահաբեկչական գործողությունը կազմակերպվել Է հանցավոր խմբի կողմից: Ավելի վաղ հայտնի Է դարձել ենթադրյալ մահապարտ-ահաբեկչի՝ Սալման Աբեդիի ավագ եղբոր՝ Իսմայիլ Աբեդիի ձերբակալման մասին, որին բռնել են Մանչեսթրի հարավում, ինչպես նաեւ Լիբիայում Աբեդիի հոր եւ կրտսեր եղբոր ձերբակալման մասին:  
Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել Է «Մանչեսթր-Արենա» համալիրի ճեմասրահում:     
Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր-Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել Է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, 64 հոգի գտնվում Է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում Է անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am