Կառավարությունն առաջարկում է ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ

12:51, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Մաքուր Հայաստան» ծրագրի նկատմամբ լինելու է խիստ հետևողական և առաջարկելու է համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  

Վարչապետն ասաց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, թե «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և իրականացվել են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ:

«Միաժամանակ ակնկալում եմ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: Այս ծրագրին մենք խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչև 2017 թվականի վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:  

Հաշվի առնելով նշյալը՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում՝ տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ: Նրա խոսքով, պետք է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ամսական մանրամասն հաշվետվություններ զեկուցվեն, այնուհետև կատարված աշխատանքների և հետագա միջոցառումների վերաբերյալ ներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներին:

Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և Ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին հանձնարարեց 15-օրյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա և կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ։

Ամփոփելով վարչապետը նշեց. «Մենք համայնքներին առաջարկում ենք, որպեսզի սահմանեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածեն: Այդ ինստիտուտը սահմանում է խաղի հստակ կանոններ, նորմեր, բյուջե չի պահանջում, քանի որ իր բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են, որոնք կիրառվելու են, որի մի մասը գնալու է այդ տեսուչների վարձատրությանը, մյուս մասը՝  աղբահանության և սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որպեսզի որոշ քաղաքացիների կարողանանք բերել այսօրվա «ցիվիլ» դաշտ»: Կարեն Կարապետյանի կարծիքով, այդ ինստիտուտի ներդրումը տրամաբանական է, պետական բյուջեից գումար չի պահանջում, որը կմտցնի կարգ ու կանոն և արագ կկանոնակարգի այդ դաշտը:


© 2009 ARMENPRESS.am