Մխիթարյանական երազանքի ճանապարհը կամ ինչ հպարտ էինք մենք երեկ

14:25, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ փոխվեց մայիսի 24-ի երեկոյից հետո ձեզ մոտ, գուցե ոչինչ, բայց հայկական ֆուտբոլի պատմության մեջ գրվեց նոր էջ, և այն գրեց Հենրիխ Մխիթարյանը, անուն, որով մենք` հայերս, հպարտության անսպառ առիթներ ունենք: Հպարտության այդ երեկոն հիշեցրեց, որ գուցե միայն մենք ենք հայրենիքը սիրում այդքան անձնվեր, հայրենանվեր սիրով:  

Մխիթարյանը մարդակային այն տեսակն է, ով չկանգնեց անհաջողությունից հետո, հաջողության փայլից չկուրացավ, ոչ էլ գնաց փողերի հետևից: Հենոն ամեն պատեհ առիթի կրկնում էր, որ իր համար առավել կարևորը ֆուտբոլ խաղալն է Եվրոպայում, բարձրակարգ ակումբում: «Փյունիկ», «Մետալուրգ», «Շախտյոր», «Բորուսիա» և «Մանչեսթեր Յունայթեդ»… ճանապարհ, որը Մխիթարյանն անցել է համառության, աշխատասիրության, նպատակասլացության և հոր գործը շարունակելու շնորհիվ:

Երբ մրցաշրջանի մեկնարկին Մոուրինյոն հնարավորություն չէր տալիս, երբ վնասվածքը խանգարում էր ինքնադրսևորվելու համար, Մխիթարյանը խոսում էր, որ ինքը կարող է ավելին, և հիմա Մխիթարյանն արեց ավելին:

Մխիթարյանն այն օրինակը պետք է լինի, որ լուռ անում է իր գործը, հասնում ցանկալի արդյունքի և շեշտում, որ հայրենիքը իր համար առաջնային դիրքում է: Հայրենիք, որտեղ Մխիթարյանն արդեն վաղուց ազգի հերոս է: Հիշում եմ, 7-8 տարի առաջ փողոցներում, բակերում տղաների հագին «Մեսսի»-ի, «Ռոնալդու»-ի անուններով մարզաշապիկներ էին, բայց հիմա մեր բակի երեխաները մեծ հպարտությամբ են կրում  «Մխիթարյան» մարզաշապիկը, խոսում Հենոյի խաղերի մասին և վստահ եմ` ձգտում նմանվել նրան:

Անշուշտ, Ստոկհոլմում գրվեց նաև հայկական ֆուտբոլի պատմության ամենալուսավոր և ամենահպարտ էջերից մեկը… ազգային թիմի ավագը եռագույնով գլխավերևում պահում էր Եվրոպայի լիգայի գավաթը… Եվ կգա նաև այն օրը, երբ հպարտության նույն զգացումը մեզ կհամակի նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նայելիս:

«Փոքրիկ Հայաստանի մեծ աստղը» իր իսկ օրինակով ապացուցում է, որ կարելի է «Փյունիկ»-ից հասնել «Մանչեսթեր Յունայթեդ», խաղալ երազանքի առաջնությունում և փոխել անհնարին թվացող իրականությունը: Բայց նրանք, ովքեր այսօր ֆուտբոլի մարզման են, պիտի հիշեն, որ Մխիթարյանի ճանապարհը հեշտ չէր, բայց նպատակին տանող ճանապարհը հաղթահարելի է, երազանքն իրականացած տեսնելը՝ համառ աշխատանքի արդյունք…

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am