Պատգամավորը նոր խորհրդարանի կազմը իր առավելություններով մեկ քայլ առաջ է համարում նախորդից

15:01, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նորընտիր խորհրդարանի կազմը նախորդից մեկ քայլ առաջ է համարում իր առավելություններով: Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում Մինասյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի նորընտիր պատգամավորները կարողանան պատվով տանել այն ծանրաբեռնվածությունը, որը դրված է նոր խորհրդարանի վրա:

«Բայց այստեղ ցանկանում եմ մի կարևոր հանգամանք նշել. պետք չէ բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներն ունենալ: Դա անարդարացի է: Այդպես է ոչ միայն մեզ մոտ, այլ բոլոր երկրներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մինասյանը:

Նա հավելեց, որ գրեթե բոլոր երկրներում պատգամավորների միայն 25-30 տոկոսն է ապահովում բոլոր խորհրդարանների աշխատանքի արդյունքը:

 


© 2009 ARMENPRESS.am