Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները հավաքի են մեկնել Բելառուս

11:48, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի և նրա օգնական Արմեն Մալխասյանի ղեկավարությամբ մեկնել է Բելառուս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուս են մեկնել 2017 թվականի Հայաստանի չեմպիոններ Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գևորգ Մխեյանը, Արման Ավագյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը,  ՀՀ առաջնության 2 մրցանակակիրներ` Գեղամ Գալստյանն ու Արման Անդրեասյանը:

Թիմը մայիսի 26-27-ին հանդես է գալու Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվելիք ԽՍՀՄ հերոս Դմիտրի Կարբիշևի միջազգային երիտասարդական հուշամրցաշարում: Մայիսի 28-ից մինչև հունիս 10-ը երիտասարդական հավաքականը կմեկնի Վլադիկավկազ, որտեղ Հարավային Օսիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կկայանա ըմբշամարտի 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:


© 2009 ARMENPRESS.am