Ախ այդ սպիտակ խալաթները

12:30, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ նոր էինք դարձել բժշկականի ուսանող, սպիտակ խալաթ հագնելը մի յուրահատուկ հաճույք էր և հպարտություն: Սակայն չնկատեցինք էլ ինչպես, սկսեցինք խալաթները ծալել և տոպրակի մեջ կախել բժշկականի դարպասների կողքի ճաղերին: Մեզ սկսեցին հանել լեկցիաներից՝ խալաթ չհագնելու պատճառով, իսկ մենք փնտրում էինք բազմաթիվ հնարավոր և անհնար պատճառներ, թե ինչու խալաթով չէինք:  Եվ այդպես էլ ավարտեցինք բժշկական համալսարանը և մտանք հիվանդանոց:

Ընդհանրապես, համազգեստի հանդեպ զգացողություններս երկակի են:  Մի կողմից, համազգեստը ընդգծում է տվյալ մասնագիտությունը և որոշակի հավասարություն է ստեղծում, սակայն մեկ այլ տեսանկյունից, այն ծածկում է անհատականությունը և ինդիվիդումին դարձնում ամբողջության մի մասնիկ:

Տարբեր երկրներում տարբեր են ընդունված ավանդույթները և մոտեցումները: Զարգացած եվրոպական երկրներում, բժիշկները, բացի սպիտակ խալաթներից, հիմնականում հագնում են նաև կարճաթև սպիտակ համազգեստ, ամերիկյան կլինիկաներում ոչ միշտ է սպիտակ խալաթը պարտադիր և, հիմնականում, բիզնես կամ խելամիտ-ամենօրյա ոճն է:  Աշխարհահռչակ Մեյո կլինիկաներում դժվար է գտնվել սպիտակ խալաթով բժիշկների, այնտեղ դա արգելված է և աշխատակիցները հագնվում են բիզնես ոճի:

Մի անգամ ընկերոջս հետ, ով ղեկավարում է Ամերիկայի լավագույն կենտրոններից մեկի վիրաբուժական բաժանմունքը, մտանք մեր կլինիկա: Այդ օրը հագել էի կեդեր, ջինսեր և ինչ-որ գրությամբ ամառային վերնաշապիկ: Ավոն զարմացած հարցրեց.

-Դու այս տեսքով ես կլինիկա մտնելու, չես փոխվելո՞ւ:

-Ավո ջան, խնդրում եմ այլ տեղ չասես, որ Ամերիկայում բոլորդ փողկապով եք գնում կլինիկա: Երբ այսպես եմ հագնվում, շատերը մտածում են, որ Ամերիկայում եմ սովորել, ուրեմն այնտեղ ձևն այդպես է: Այսպես էլ ախր շատ հարմար է…

Ծիծաղեցինք:

Հնում բժիշկները սպիտակ խալաթներ չէին հագնում: Երբ նայում ենք 19-րդ դարի Անգլիայի կտավները, բժիշկները մուգ կոստյումներով են: Այնուհետև, արդեն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բժիշկներն արդեն պատկերված են սպիտակ խալաթներով: Պատճառը գիտությունն էր: Սպիտակ խալաթը, հիմնականում, բնորոշ էր լաբորատորիայում աշխատող գիտնականներին: Վաղ ժամանակներում բժիշկները ավելի շատ ասոցացվում էին հեքիմների հետ, և որպեսզի փոխվի այդ կարծրատիպը և ընդգծվի բժշկության գիտական հենքը, բժիշկներն էլ սկսեցին փոխ առնել գիտնականների համազգեստը՝ սպիտակ խալաթը՝ ժամանակի ընթացքում «սեփականաշնորհելով» այն…

Վերջերս, Ֆիլիպ Լեդերերը՝ ինֆեկցիոնիստը Հարվարդից, պետիցիա էր նախաձեռնել՝ բժիշկներին առաջարկելով չհագնել սպիտակ խալաթներ: Նա համոզված է, որ սպիտակ խալաթները հանդիսանում են ինֆեկցիայի փոխանցման աղբյուր: Ամերիկայում կատարված հետազոտությունը, որին մասնակցել է 149 բուժաշխատող, ցույց է տվել, որ բուժաշխատողների 64%-ը չեն լվացել իրենց սպիտակ խալաթը շաբաթը գոնե մեկ անգամ, իսկ 17%-ը՝ ամիսը մեկ անգամ: Նույն հետազոտությունը նաև հայտնաբերել էր, որ ուսումնասիրված խալաթների համարյա քառորդն աղտոտված է եղել ստաֆիլոկոկային ինֆեկցիայով:

Եթե անկեղծ, ինքս համոզված չեմ՝ արդյոք անհրաժեշտ է սպիտակ խալաթներից հրաժարվելը, և արդյոք, իրականում, խալաթները ինֆեկցիայի նշանակալի աղբյուր են, սակայն մի բան հաստատ է, որ Նատալի Փորթմանին բժշկական խալաթը շատ է սազում…

Գևորգ Ն. Թամամյան
Բժշկական գիտությունների թեկնածու, գիտությունների մագիստրոս

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս

Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս

ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան


© 2009 ARMENPRESS.am