Արթուր Բաղդասարյանն ընտրողներին կոչ է անում ձայն տալ ՕԵԿ-ին՝ հավատարիմ մնալով ազգային արժեքներին
15:17, 26 Նոյեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոյեմբերի 26-ին «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց «ՕԵԿ» գրասենյակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քարոզարշավի մասնակիցները քայլեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցի` մոմավառության:
«Մենք ազգովի պետք է միշտ ամուր կառչած մնանք մեր ակունքներից: Քարոզարշավը սկսում ենք եկեղեցու բակում` ասելով, որ մեր կուսակցությունը հավատարիմ է մեր ազգային արժեքներին, մենք չափազանց կարևոր ենք համարում Հայ առաքելական եկեղեցու տեղը և դերը մեր ժողովրդի կյանքում, կարևորում ենք հայ ընտանիքի ավանդական կերպը, տեսակը, ոգին»,-նշեց ՕԵԿ կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով` «Օրինաց երկիր» կուսակցությունը պետք է կարողանա քաղաքական շիտակ, մրցակցային պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին:
«Բոլորս պետք է հասկանանք, որ տեղի է ունեցել հեղափոխություն: Ազգը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Ութ ամսում երեսուն տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց ութ ամսում հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ զարգացման հստակ ճանապարհը, տեսլականը, ուստի մասնակցում ենք ընտրություններին` ներկայացնելով մեր մրցունակ մոտեցումներն ու ծրագրերը, մեր գաղափարները, որոնց կյանքի կոչելու դեպքում մարդիկ կժպտան»,-ընդգծեց Բաղդասարյանը և հավելեց, որ քարոզարշավը կազմակերպելու են հանդիպումներով Երևանում և մարզերում, տարբեր սոցիալական խավերի, խմբերի ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 26-ից մեկնարկած պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և երկու դաշինք: Դրանք են «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:
© 2009 ARMENPRESS.am