ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին եւ ընդգծելով հանդիպման կարեւորությունը` վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է գյուղատնտեսության ոլորտի եւ, մասնավորապես, անասնապահության խնդիրներին: Տիկին Ծառուկյանի խնդրանքով մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք, թե ինչ պրոբլեմներ եք դուք տեսնում ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները եւ պետության անելիքները, որպեսզի կարողանանք 2010 թ. անասնաբուծության ոլորտում ապահովել լուրջ առաջընթաց»: ՖԱՄ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար: