2023-ին ոստիկանության 4 աշխատակից դատապարտվել է ռեալ ազատազրկման․ գլխավոր դատախազ

19:05, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականին ոստիկանության 4 աշխատակից դատապարտվել է ռեալ ազատազրկման, 5-ի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին,թե ոստիկանների դեմ քա՞նի հանցագործության մասին հաղորդում է եղել, քա՞նիսին է ընթացք տրվել և քա՞նի ոստիկան է ենթարկվել քրեական պատասխանատվության։

«Ոստիկանության մասով ունենք երկու դատական ակտ ուժի մեջ մտած չորս անձի վերաբերյալ, որոնք դատապարտվել են ռեալ ազատազրկումների։ Նաև անցյալ տարվա ընթացքում ունենք 5 անձի վերաբերյալ գործ, որն ուղարկվել է դատարան։ Այդ գործերի մեկը ներառում է նաև Էրեբունու դեպքերը՝ անցյալ տարի իմ ներկայացրած հաղորդման ժամանակ բարձրաձայնվեց այս հարցը, որ անչափահաս անձի և պաշտպանյալների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառվել էր խոշտանգում»,- ասաց Վարդապետյանը։


© 2009 ARMENPRESS.am