1000х90.jpg (78 KB)

«Բարգավաճ Հայաստան»-ը սպասվող հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու ձևաչափի մասին որոշում դեռ չունի

Armenpress 11:46, 11 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների համար սպասվող հանրաքվեում «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարում լինելու որոշումը կկայացնի սպասվող նիստում, այս պահին դեռ որոշում չունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե իրենք «այո»-ի՞, թե «ոչ»-ի կողմնակիցն են:

«Մենք հիմա խորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք և մեր տեսակետը կհայտարարենք»,-ասաց Ծառուկյանն ու չցանկացավ իր անձնական տեսակետը հայտնել` խմբակցության անդամների որոշման վրա անուղղակի կերպով ազդեցություն չունենալու համար:

Նա նշեց` հանրաքվեի գաղափարին իրենք կողմ են եղել: Ծառուկյանը հիշեցրեց, որ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել, հայտնել իրենց տեսակետը, որ պատրաստ են 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկեն նախագիծը, իրավական կողմը պահեն: «Եվ սպասում էինք արձագանքի, արձագանք չեղավ, դրա համար էլ չմասնակցեցինք քվեարկությանը»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ընդդիմադիր գործընկերների հետ դիմեն ՍԴ, որպեսզի վիճարկեն հանրաքվե անցկացնելու հարցը: «Քանի որ Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, մենք ձեռնպահ կմնանք»,-ասաց նա:

 Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և ևս 6 անդամի պաշտոնավարումը: «Իմ քայլը» սակայն առաջին ընթերցմամբ քննարկմանը իր ներկայացրած նախագծին դեմ քվեարկեց` առաջարկելով այս հարցով անցկացնել հանրաքվե: Հանրաքվե անցկացնելու որոշումն ԱԺ նիստում ընդունվել էր «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմ ձայներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am