1000х90.jpg (78 KB)

Բռնցքամարտիկների նպատակը օլիմպիական 5 ուղեգիր նվաճելն է. գլխավոր մարզիչ  

Armenpress 14:12, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքով, ընտրանին կարող է մինչև 5 օլիմպիական ուղեգիր նվաճել:

«Այս օրերին մենք սպարինգ-մենամարտ անցկացրեցինք, և կարող եմ ասել, որ բռնցքամարտիկները պատրաստ են Լոնդոնի վարկանիշային մրցաշարին: Համոզված եմ, որ մինչ մրցաշարի մեկնարկը մարզիկները լավ մարզավիճակում կլինեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:

Վերջինիս խոսքով` բռնցքամարտի այդ մրցաշարում մեծ նշանակություն ունի վիճակահանությունը: «Մեր նպատակը նվազագույնը 3 օլիմպիական և առավելագույնը 5 ուղեգիրն է»,-շեշտեց Մեհրաբյանը:

Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

 Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում:

Ընտրանին Լոնդոն կմեկնի մարտի 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am