1000х90.jpg (78 KB)

Կարգավորել եմ քաշիս հետ կապված խնդիրը. Դարչինյան  

Armenpress 15:07, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ  Արման Դարչինյանը լավ մարզավիճակում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Դարչինյանը շեշտեց, որ լավ մարզավիճակում է և մարտական է տրամադրված վճռորոշ մրցաշարից առաջ: «Իմ և մարզիչների գնահատմամբ, լավ մարզավիճակում եմ և կարգավորել եմ քաշիս հետ կապված խնդիրը: Ուրիշ խոչընդոտ չեմ տեսնում մրցաշարից առաջ, միայն մրցակիցները, որոնց դեռ չգիտեմ»,-ասաց Դարչինյանը: Վերջինս շեշտեց, որ թեպետ ինքն արդեն մեկ մենամարտ անցկացրել է պրոֆեսիոնալ ռինգում, սակայն դա իրեն չի խանգարում սիրողական մրցաշարի մասնակցել:

Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ + 91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում: Ընտրանին Լոնդոն կմեկնի մարտի 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am