1000х90.jpg (78 KB)

Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում

Armenpress 12:36, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանավիճեցին Ազգային ժողովի միջանցքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանավեճի թեման 2018 թ. թավշյա հեղափոխության օրերին փողոցում և 2020 թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններն էին:

Ալեն Սիմոնյանը նախ նշեց, որ 2018 թ. հեղափոխության ժամանակ ապրիլի 16-ին նա «Ելք» դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում իր գործընկերներին կոչ է արել դուրս գալ փողոց, սակայն Էդմոն Մարուքյանն ու մյուսները չեն արձագանքել, ինչը Մարուքյանը հերքեց:

Այնուհետև Ալեն Սիմոնյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին վերադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ, իսկ արձագանքելով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք իրեն մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում հետևի կողմից հարվածել են, Սիմոնյանը նշեց, որ նման բան չի եղել:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որից հետո այլևս չի վերադարձել:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստը ընդմիջվել էր: Դրանից հետո թե իշխանության, թե ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am