1000х90.jpg (78 KB)

Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ

Armenpress 13:29, 26 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը նիստերի դահլիճ վերադառնալը երբեք չի կապել իշխանության դիրքորոշման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մտքին, որ ԼՀԿ-ի վերադարձը նիստին նշանակում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իշխանության գնահատականը բավարարել է խմբակցությանը:

Միրզոյանը հիշեցրել էր՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ նիստում գործընկերներին տեսնելով՝ կարող է ենթադրել, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին:

Գորգիսյանն արձագանքեց. «Լուսավոր Հայաստան»-ը երբեք իր դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել ձեր դիրքորոշման հետ»,-ասաց նա ու ընդգծեց՝ հույս չեն ունեցել, որ քաղաքական ուժից որևէ մեկը վարչապետի ելույթից տարբերվող կարծիք կհայտնի:

«Մենք հայտարարել ենք, որ կանենք հետևություններ: Եվ հետագա մեր գործունեությունը կպայմանավորենք նաև ձեր՝ այդ օրերին արած կամ չարած գործողություններով»,-նշեց նա:

Անդադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ պատգամավորը նշեց, որ դա շատ կարևոր է: Նա հիշեցրեց, որ կամավորների շնորհիվ իրենց կուսակցության գրասենյակում բացել էին շտաբ, որը օգնում էր քաղաքացիներին, սպասարկում զանգերը: «Այն իր վրա վերցրեց կառավարության բեռի մի մասը՝ ուղղորդելով քաղաքացիներին: Եվ սրանից լավ օրինակ, կարծես թե, չկա, թե ինչպես ենք մենք վերաբերվում ամեն մի քաղաքացուն հուզող խնդիրներին»,-նշեց պատգամավորն ու իր դժգոհությունը հայտնեց կառավարության՝ կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկած քայլերից:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am