1000х90.jpg (78 KB)

Կցանկանայի ամեն ընդդիմադիր ուժ կարողանար շարժվել իր օրակարգով. Գրիգորյանը՝ 3 ուժի հանրահավաքի մասին

Armenpress 11:14, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայը» խմբակցության պատգամավորները կարծում են, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հանրահավաքը պարզապես ընդդիմության քաղաքական օրակարգն է, պատգամավորները ցանկանում են, որ ամեն ընդդիմադիր ուժ հնարավորություն ունենար շարժվել իր օրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նման տեսակետ հայտնեցին խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հանրության մեջ նկատո՞ւմ են դժգոհությունների լուրջ տոկոս, որը ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Հայրենիքին» հնարավորություն կտա իրենց շուրջ մոբիլիզացնել այդ ուժերին:

Սուրեն Գրիգորյանն այդպիսի լուրջ դժգոհությունների տոկոս չի նկատում: «Դժգոհություններ հանրությունում կան, և չեն կարող չլինել: Ցանկացած հանրությունում բոլոր տեսակի հարցերի շուրջ 100 տոկոս կոնսենսուս չի կարող լինել: Եթե հարցնում եք՝ այդ դժգոհությունների ծավալն արդյոք լո՞ւրջ եմ գնահատում, թե ոչ, ասեմ՝ կարևոր եմ համարում, քանի որ մեզ համար մեր ցանկացած քաղաքացու դժգոհությունը և դրա բովանդակությունը կարևոր է, բայց չեմ կարծում, թե դա մեծ, լուրջ ծավալներ ունի»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ դա ընդդիմության քաղաքական օրակարգն է:

Նա նաև նշեց՝ կցանկանար, որ ամեն առաձին ընդդիմադիր ուժ հնարավորություն ունենար շարժվել առնվազն հենց ինքը իր օրակարգով:

«Իմ քայլից» Լիլիթ Ստեփանյանն էլ ավելացրեց, որ պետք է հաշվի առնել՝ քաղաքականության մեջ ինչպես իշխանությունն ունի իր հստակ գործառույթները և անելիքները, այնպես էլ՝ ընդդիմությունը: «Յուրքանչյուրը կարիք ունի անընդհատ որևէ գործողությունների շրջանակում պահպանել իր էլեկտորատը, հնարավորության դեպքում՝ ավելացնել իր էլեկտորատի քաղաքացիների թիվը: Ընդդիմությունը տարբեր ժամանակներում, պարբերաբար թեժ աշուն խոստացել է: Բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը: Հետևաբար, սա ընդամենը ընդդիմության քաղաքական օրակարգն է»,- ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունները հայտնել են հանրահավաք հրավիրելու մասին: Հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am