Այսօր 21-րդ դարի հայի Սարդարապատն է. Մենք այդ ճակատամարտը նույնպես պետք է հաղթենք

Armenpress 09:10, 11 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր սերունդ պետք է հաղթի ի՛ր ճակատամարտը։ Միայն դրանից հետո իրավունք կունենա ստանձնելու նախնիների ժառանգությունը եւ փոխանցելու այն ապագա սերունդներին։ Այսօր մեր հերթն է։ Դժվար ժամանակներ են մեզ համար, սակայն եթե հարցնեն՝ ո՞րն է հայերիս հարատեւության գաղտնիքը, միանշանակ կասեմ՝ հաճախ ենք ծնկել, սայթաքել, պարտվել մեր միամտության, անհոգության կամ մեծամտության պատճառով, սակայն ամեն անգամ կարողացել ենք ոտքի կանգնել։ Իսկ ոտքի ենք կանգնել մեր արարող էության շնորհիվ, արդարության հանդեպ անվերապահ հավատի շնորհիվ։ Այսօր, երբ զգում ենք թշնամու թունավոր շունչը, պետք է առավել քան երբեք համախմբված լինենք եւ հավատանք սեփական ուժերին։ Կարսի անառիկ ամրոցն ընկավ, որովհետեւ զինվորը չհավատաց իր հաղթանակին, թեպետ ուներ բավարար զենք, զինամթերք։ Այսօր չպետք է թույլ տանք, որ պատմության անիվը հետ պտտվի եւ կոտրվի նույն ակոսի մեջ։

Պարույր Սեւակն ասում է.

 

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար,

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ:

 

Խ՞ենթ է, արդյոք, հայը, այո՛, խենթ եւ ծուռ։ Եվ իր ծռությամբ մարտահրավեր է նետում անհոգի եւ անտարբեր աշխարհին։ Մարդկության խիղճն է հայը։ Բանալին դեպի արդարություն։

Ինչպես մարդու օրգանիզմն է մեկ ամբողջություն եւ առողջ է միայն բոլոր մասերի ներդաշնակ աշխատանքի շնորհիվ, այնպես էլ՝ պետությունն ու ազգը կարող են ուժեղ լինել միայն ներդաշնակ, փոխհամաձայնեցված գործակցության շնորհիվ։ Վերջապես պետք է դառնանք ազգ եւ չմնանք Հայոց աշխարհում ապրող ժողովված մարդկանց խումբ։ Այստեղ 1.5 ամիս պայքար էր ընթանում ոչ միայն ազգերի եւ պետությունների, այլեւ քաղաքակրթությունների միջեւ։ Գոյություն ունեցող հակամարդկային համակարգն առաջին հայացքից կուլ տվեց մեզ, բայց կան գործընթացներ, որոնք տեղի են ունենում խորքային հարթություններում. հետեւաբար, այն պետք է ոչնչանա, եւ հաստատվի տիեզերական արդար համակարգ, որի պատասխանատուն եւ պահապանը կլինի Հայկ Նահապետի սերունդը։

Մեր ներկան միայն մեկ ակնթարթ է տիեզերական անսահմանության մեջ. պետք է պատվով եւ արժանապատվությամբ ապրենք մեր տիեզերական ակնթարթը։ Գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է.  «Հարյուր տարի հետո մեզանից ոչ ոք չի ապրելու: Մեր ուրախությունները, երջանկության զգացողությունները տարրալուծվելու են տիեզերքի անսահմանության մեջ, չքանալու են, ու դրանցից ոչ մի հետք չի մնալու: Մեր վշտերի, զրկանքների, ցավերի, կորուստների զգացողությունները տարրալուծվելու են տիեզերքի անսահմանության մեջ, չքանալու են ու դրանցից ոչ մի հետք չի մնալու:

Հարյուր տարի հետո, երբ մեզանից այլեւս ոչ ոք չի ապրելու, մեր բոլորի ապրած այս կյանքից մնալու են Հայրենիքն ու Ազգը, եւ դրանց որակից են սերունդները կարծիք կազմելու մեր ու մեր ապրած կյանքի մասին:

Փորձեք 100 տարվա հեռվից, մեր սերունդների աչքերով նայել այսօրվա ձեր կյանքին»:

            Երբ հետադարձ հայացք ենք նետում մեզնից հարյուր տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձություններին, տեսնում ենք, որ ունեցել ենք հայի ամենաբարձր որակն ունեցող անհատներ, որոնք պատմություն են կերտել։ Այդպիսին է շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի սխրանքը, ով 102 տարի առաջ մայիսի 25-ին իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին։ Նա ընդամենը 24 տարեկան էր։ «Եթե չլիներ նրա հերոսությունը, գուցե թե մենք այսօր պետություն չունենայինք»,- այսպիսի գնահատական է տալիս Ա. Պեպանյանը Գուրգեն Տեր-Մովսիսյանցի արարքին:

1918 թվականն էր: Թուրքական բանակը, չհանդիպելով որեւէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում: Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:

Այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում Գուրգեն Տեր-Մովսիսյանցը եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:

Այս խոսքերն ասելով, շտաբս-կապիտան Տեր-Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը եւ իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցն այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է. «Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի՝ շտաբս-կապիտան Տեր-Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, եւ մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:

Ղարաքիլիսա են մեկնում նաեւ Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաեւ Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Շտաբս-կապիտան Տեր-Մովսիսյանցը զոհվում է մայիսի 25-ին մարտում:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է. «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Տեր-Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար: Փամփուշտը խոցել էր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝ «Չթողնեք ինձ այստեղ եւ վրեժս լուծեք»:

Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները եւ վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով. -«Չկա հրամանատարը, էլ ինչո՞ւ ենք ապրում մենք»:

Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում եւ աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:

Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը եւ վրեժ են լուծում թուրքերից:

Ղարաքիլիսայի ճակատամարտը տեւում է 4 օր՝ մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է, եւ նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երեւանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարտը ու փրկել երկիրը: «Ամենեւին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի սխրանքը»,- շեշտում է Արծրուն Պեպանյանը:

            Մեր կողմից միայն կավելացնենք. «Հայկը միշտ հաղթում է Բելին»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am