Ո՞վ է գլխավոր թշնամին. ԱՄՆ-ն պատրաստվում է ժողովրդավարական «խաչակրաց արշավանքի»

Armenpress 09:45, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդերս Ֆոգ  Ռասմուսենը Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո նախանշել է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի նպատակները: Նոր նախագահի առջեւ բարդ խնդիր է ծառացել՝ բացահայտելու գլխավոր թշնամուն այն երկրների շարքում, որոնք իբր կամ իրականում սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի անվտանգության համար: Ամերիկացիներն այս հարցում հիմա միասնական կարծիք չունեն:

Ֆրանսիական «Le Monde diplomatique»-ի հեղինակ Սերժ Ալիմին գրում է, որ Անդերս ֆոգ Ռասմուսենը չի սպասել Ամանորին, որպեսզի հնչեցնի իր մաղթանքները: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այս կերպ է նախանշել նպատակները, որոնց կազմակերպությունը, իր կարծիքով, պետք է ձգտի Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո:

«2021 թվականին Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները կստանան մի հնարավորություն, որը սերնդին միայն մեկ անգամ է տրվում: Խոսքն այն մասին է, որ հակադարձվի Ռուսաստանի եւ Չինաստանի նման ավտոկրատների ճնշման տակ ժողովրդավարության ընդհանուր նահանջին: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ հիմնական ժողովրդավարական երկրները միավորվեն»: Ինչպես նրանցից ոմանք վարվեցին Աֆղանստան եւ Իրաք ներխուժումների ժամանակ: Հիմա ժամանակն է գործ ունենալ ավելի ուժեղ հակառակորդների հետ…

Բայց ո՞ւմից  սկսել: Քանի որ Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել իր առաջնորդությունը ժողովրդավարական «խաչակրաց արշավանքում» («Ամերիկան վերադարձել է եւ պատրաստ է ուղղորդել աշխարհը»,-հռչակեց Ջոն Բայդենը 2020 թ. նոյեմբերի 24-ին), արբանյակային երկրները պետք է հասկանան, որ ամերիկացիներն ընդհանուր կարծիք չունեն իրենց հիմնական թշնամու հարցում: Նրանց շարժառիթները շատ քիչ ընդհանրություններ ունեն համաշխարհային աշխարհաքաղաքականության հետ եւ հիմնականում բացատրվում են ներքին տարաձայնություններով: Դեմոկրատների համար հիմնական թշնամին Ռուսաստանն է, քանի որ կուսակցության ղեկավարությունը, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, չորս տարի շարունակ կրկնում են, որ «Թրամփի հետ բոլոր ուղիները տանում են դեպի Պուտին»: Հանրապետականները նրանց պատասխանում են մանկական «պեկինյան Բայդեն» վանկարկումով, քանի որ ներկայիս նախագահի երկրորդ որդին Չինաստանում բիզնես էր անում, եւ ժողովրդավարությանը վերագրվող գլոբալիզացիան ձեռնտու էր Պեկինին:

Դեկտեմբերի 10-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ձգտեց էլ առավել խորացնել անդունդը երկրների միջեւ: Նա լուրջ դեմքով հայտարարեց, որ անհանգստացած է մարդկանց անձնական կյանքի անվտանգությամբ եւ հանդես եկավ ողջ աշխարհին ուղղված նախազգուշացմամբ. «Սի Ցզինպինը հետեւում է մեզնից յուրաքանչյուրին»: Այնուհետեւ նա քննադատեց չինացի 400000 ուսանողներին, որոնք ամեն տարի մեկնում են ԱՄՆ (այդ թվում, ինչպես երեւում է, արդյունաբերական եւ գիտական գաղտնիքները գողանալու համար)՝ ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններ («շատերը գնված են եղել Պեկինի կողմից»), եւ, վերջապես, «Huawei» ընկերության արտադրանքը, որն օգտագործողները հայտնվում են «չինական պետանվտանգության ապարատի ձեռքերում»:

Ահա թե ինչ սկավառակ են հանրապետականները դեմ տալիս Բայդենին: Հարավ-չինական ծովը, Թայվանը, ույղուրները, Հոնկոնգը պատրվակ կծառայեն նոր վարչակազմի հակաչինական վճռականությունը փորձարկելու համար:

Ռասմուսենը ճիշտ էր գոնե մի բանում. «Ընտրված նախագահ Ջո Բայդենի դռան մոտ շարվել են անհանգստացած դաշնակիցները»: Ինչ էլ որ լինի, դժվար թե նրանք արագ հանգստանան այն դաշինքում, որը ղեկավարում է հոգեբանորեն անկայուն պետությունը:

Իսկ ինչպիսի՞ դրսեւորումներ կունենան ժողովրդավարական «խաչակրաց նոր արշավանքները»: Նախորդ խաչակրաց արշավանքները, որոնց նպատակը Խաչի փրկությունն էր եւ Արեւելքում քրիստոնյաների ազատագրումը մահմեդականների լծից,  ի վերջո, ծառայեցվեց ոչ թե գաղափարին, այլեւ արշավանքը ձեռնարկողների շահերին՝ բավարարելով նրանց ոսկու տենդը: Ավելին՝ նաեւ համագործակցության պայմանագրեր ստորագրվեցին մահմեդական տերությունների հետ՝ ընդդեմ քրիստոնյաների: Հենց նման գործողությունների պատճառով կործանվեց Կիլիկիայի հայկական պետությունը: Եվ եթե նույն սկզբունքով ընթանան ժողովրդավարական հնարավոր «խաչակրաց արշավանքները», միայն ցավակցել կարելի է ժողովրդավարական երկրներին:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am