«Hexact» ընկերության Հայաստանի գրասենյակն ընդլայնում է գործունեությունը

Armenpress 14:53, 2 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ։ Հայ գործարարների հիմնած «Hexact» տեխնոլոգիական ընկերությունը գործունեության երկրորդ տարին ամփոփում է շուրջ 15 000 ակտիվ օգտատերով՝ 135 երկրից։ Ստարտափն անցած տարի հավաքագրել և վերլուծել է 22.5 տերաբայթ տվյալ և 8,2 միլիոն դոմեյն։ Այս տարի ընկերությունը մտադիր է առնվազն 10 բարձր որակավորման մասնագետով ընդլայնել ծրագրավորողների թիմը Հայաստանում։ 

«Hexact»-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պրոցեսների ավտոմատացում։ Հիմնադրվել է 2019թ., ԱՄՆ-ում: Ընկերության հայ հիմնադիրները հենց նույն տարում գրասենյակ են բացել նաև Հայաստանում: «Hexact»-ի պրոդուկտների ծրագրային ապահովումն ու զարգացումը հիմնականում իրականացնում են հայաստանցի մասնագետները:

«Վերջին տասնամյակում մարդու կյանքի ավելի ու ավելի մեծ մասն է անցնում օնլայն։ Արդյունքում՝ թվային հարթակների, կայքերի անխափան աշխատանքն ու դրանցից օգտվելու հարմարավետությունը կենսական են դարձել։ Մեր պրոդուկտներն արդեն լայն պահանջարկ ունեն հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում: «Hexact»-ն աճում է արագ տեմպերով, թիմն ընդլայնվում է։ Եթե կան «թույն» դեմքեր, որոնք կուզենան իրենց պրոֆեսիոնալ ուժը չափել դինամիկ միջավայրում, թող դիմեն»,- նշել է «Hexact» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:  

«Կյանքի թվայնացումը շարունակելու է աճել նույն տեմպերով, գուցե ավելի արագ։ Այդ տեմպի տակ բիզնեսները պետք է լինեն ավելի արագ, ճկուն և սպառողակենտրոն։ «Hexact»-ը հենց այդ մարտահրավերներն է օգնում հաղթահարել»,- նշել է «Hexact» ընկերության համահիմնադիր և Մարքեթինգի տնօրեն Քրիստոֆեր Քլոզեթը: 

«Hexact»-ը 2 պրոդուկտ է ներկայացնում. «Hexometer» -ը 24/7 ռեժիմով մոնիտորինգի է ենթարկում, բացահայտում խնդիրները և օգնում բարելավել կայքերի աշխատանքը: «Hexowatch»-ը «հսկում է» կայքէջերի վիզուալ, բովանդակային, տեխնոլոգիական փոփոխությունները և ավտոմատացնում համապատասխան գործողությունների ընթացքը։ Երկուսն էլ ՏՏ հեղինակավոր հարթակներում հաջողություններ են գրանցել. #1 Product of the day/week/month on Product Hunt, Best Value Website Monitoring Software-2020 on Capterra, High Performer 2021 on G2. 

  

«Hexact» ընկերության

հանրային կապերի պատասխանատու

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am