Հայաստանում որևէ պարագայում չեն լինելու քաղաքացիական բախումներ, առավել ևս՝ «Մարտի 1-եր». Փաշինյան

Armenpress 17:01, 28 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում որևէ պարագայում չեն լինելու քաղաքացիական բախումներ, առավել ևս՝ «Մարտի 1-եր»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մարտի 1-ի հանրահավաքին քննարկվելիք խնդիրները։

«Ինչպես մեր նախորդ հանրահավաքի պարագայում, այս պարագայում էլ փորձ է արվում էլի ինչ-որ լարումներ ստեղծել, էլի կրկին խոսել քաղաքացիական բախումների կամ, չգիտեմ, նոր «Մարտի 1-երի» մասին։ Մենք ասել ենք, որ Հայաստանում նոր «Մարտի 1-եր» այլևս երբեք չեն լինելու և չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ։ Եվ վաղվա հանրահավաքին մասնակցությունը մեր բոլորի՝ հենց այդ հաստատակամությունը պիտի ի ցույց դնի։ Որովհետև երբ հանրության ճնշող մեծամասնությունը հստակ արձանագրում է, որ մեզ համար քաղաքացիական բախումների, «Մարտի 1-երի» էջը փակված է անդառնալիորեն՝ այն իմաստով, որ կրկնություն չի կարող լինել, դա ամենամեծ երաշխիքն է, որ այդպես էլ տեղի կունենա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ փետրվարի 25-ի երթի ժամանակ ասել է և նորից է ասում եմ, որ իրենք Հայաստանում թշնամիներ չունեն, չեն ունեցել և չենք ունենալու։ «Բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ այս պահին իրենց կողմից որդեգրված և արտահայտվող դիրքորոշումներից, մեր եղբայրները և մեր քույրերն են, և մենք մեր հաստատակամությունը պիտի ի ցույց դնենք, որ Հայաստանում որևէ պարագայում չեն լինելու քաղաքացիական բախումներ, առավել ևս՝ «Մարտի 1-եր»»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ հանրահավաքի ժամանակ կանդրադառնա Մարտի մեկի դատավարությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am