Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար, Քրիստիննե Գրիգորյանը՝ նախարարի առաջին տեղակալ

Armenpress 15:21, 6 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:  

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Սուրեն Գրիգորյանը 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի մարտի 29-ին Սուրեն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:

Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հուլիսի 3-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am