«Իմ քայլը» առաջարկում է նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը

Armenpress 12:26, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Մխիթար Հայրապետյանը և Վահագն Թևոսյանն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անուշ Բեղլոյանը:

«Տեսալսողական մեդիայի մասին օրենքով նախատեսվում է խրախուսել և սահմանել մասնավոր մուլտիպլեքսների առկայությունը մարզերում և Երևանում: Սակայն գործող տուրքերը շատ բարձր չափով են սահմանված: Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս և հանդիսանում էր լրացուցիչ  խոչընդոտ, ինչն էլ թույլ չէր տալիս զարգացնել մարզային մասնավոր մուլտիպլեքսները: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում է: Այս օրենքով նախաձեռնողներս փորձում ենք խթանել մասնավոր մուլտիպլեքսների զարգացումը Երևանում և ազատականացնել այդ շուկան մարզային հեռուստաընկերությունների համար»,- ասաց Բեղլոյանը:

Այսպիսով, առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը նշեց, որ այս փոփոխությունը միտված է մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորմանը: Սակայն կառավարությունում աշխատանքային կարգով դեռևս քննարկվում են լրացուցիչ ներկայացված հիմնավորումները: Այսպիսով, գործադիրը դեռ վերջնական որոշում չուներ նախագծի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզակացություն, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am