1000х90.jpg (78 KB)

««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը հաջողություններ է գրանցում

Armenpress 17:50, 28 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը դեռևս 2020 թվականին մեկնարկել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներում։ Ծրագիրն իրականացվում է վեց տարբեր մարզերի 10 դպրոցներում, որոնք ընտրվել են ներկայացված դիմումների հիման վրա՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Այս դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար մշակվել են ուսումնական նյութեր և կազմակերպվել առցանց դասընթացներ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ոլորտային առաջատար փորձագետների ներգրավմամբ։ Այնուհետև ֆիզիկայի ուսուցիչները գլխավորել են դպրոցներում ձևավորված «կանաչ» ջոկատները, իրականացրել տեսական և գործնական դասընթացներ՝ աշակերտների կողմից էներգաօգտագործման ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Դպրոցի էներգաօգտագործման ուսումնասիրություններն առավել արդյունավետ կազմակերպելու համար ջոկատներին տրամադրվել էին նաև չափիչ սարքեր` վատտմետր, լյուքսմետր, ինֆրակարմիր ջերմաչափ:

 «Կանաչ» ջոկատների հիմնական խնդիրներից էր նաև իրականացված ուսումնասիրությունների հիման վրա մշակել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր և ներկայացնել «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցում» մրցույթին՝ կազմակերպությունից դրամաշնորհային միջոցներով կյանքի կոչելու նպատակով։

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում ապրիլի 25-ին Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի ունեցավ «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցներում» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ներգրավված մարզային տասը դպրոցների «կանաչ ջոկատի» անդամները, ֆիզիկայի ուսուցիչները և տնօրենները:

Կազմակերպության նախագահ Նունե Սաքանյանը, ողջունելով բոլորին, նշեց, որ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար առանցքային է «կանաչ» տեխնոլոգիաների կիրառման մշակույթի ձևավորումն ու տարածումը, որն անհնար է առանց ոլորտի մասնագետների և երիտասարդ սերնդի կրթության։ Որպես խնդրի լուծում՝ ծրագրով առաջարկվել է դպրոցականների, ինչպես նաև համապատասխան ուսուցիչների իրազեկվածության և կարողությունների բարձրացում կլիմայի փոփոխության մեղմման, էներգետիկ գնահատման, էներգետիկ արդյունավետությունը բարձրացնող «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով առաջացնել ոլորտի հանդեպ հետաքրքրություն և ցուցադրել ոլորտի զարգացման տեսլականը։

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգողի պաշտոնակատար Սվետլանա Հարությունյանը, նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն է դպրոցականներին փոխանցել «կանաչ» հմտություններ և համապատասխան գործիքներ՝ երեխաներին մասնակից դարձնելու դպրոցների էներգետիկ գնահատման և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման աշխատանքներում, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված իրենց իսկ կողմից առաջարկվող նախագծերում: Ակնկալվում է, որ ձեռք բերված հմտությունները կօգնեն երեխաներին ոչ միայն կիրառել դրանք դպրոցում, այլ տարածել լավ փորձը և գիտելիքները՝ նպաստելով բնության պահպանմանն ուղղված մշակույթի ձևավորմանը։

Միջոցառման առաջին հատվածում աշակերտները մասնակցեցին ծրագրի շրջանակում վերջիններիս փոխանցված գիտելիքները ստուգող մրցույթին, որից հետո ջոկատներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կողմից մշակված մրցութային ծրագիրը: Ծրագրերը ներառում էին այնպիսի գործողություններ,  որոնց իրականացման արդյունքում կկրճատվեր դպրոցի էլեկտրաէներգիայի սպառումը, դպրոցը կլիներ առավել էներգաարդյունավետ և էներգախնայող:

Մրցութային ծրագրերի ներկայացումից հետո, գնահատող հանձնաժողովի քննարկման արդյունքում, հաղթող ճանաչվեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծ.Իսակովի անվան հ. 23 հիմնական դպրոցը, Ստեփանավանի Ս.Գրիգոր Լուսավորչի անվան հ. 6 հիմնական դպրոցը, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վ.Սարոյանի անվան հ. 11 հիմնական դպրոցը, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցը: Ծրագրով նախատեսվում էր միայն չորս դպրոցի հնարավորություն տալ իրականացնել ներկայացված ծրագրերը, սակայն գնահատող հանձնաժողովի անդամ հանդիսացող Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը հաճելի անակնկալ մատուցեց՝ հնարավորություն շնորհելով ևս մեկ դպրոցի կյանքի կոչել իր կողմից առաջարկվող ծրագիրը։ Բարձր ցուցանիշներով հաջորդ դպրոցը Շիրակի մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցն էր։

Հաղթող դպրոցների կողմից ներկայացված ծրագրերի իրականացման համար «Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում դպրոցներին հանձնվեց 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք էներգախնայողության ապահովման և էներգաարդյունավետության բարձրացման գործողությունների իրականացման պարգևատրման վկայական:

Վկայականներ և շնորհակալագրեր հանձնվեցին նաև դպրոցների տնօրեններին և ֆիզիկայի ուսուցիչներին: Դպրոցներին տրամադրվեցին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից մշակված «Կլիմայական  արկղիկ»-ը ուսումնական նյութերի հավաքածուն։

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպություն



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am