1000х90.jpg (78 KB)

«Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները

Armenpress 15:09, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Խաչքարերի պուրակում մայիսի 27-ին և 28-ին կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային հնարավորությունները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ շեշտադրվելու են զբոսաշրջության տարբեր ուղղություները, ներկայացվելու են չբացահայտված այցելավայրերը:

«Վերջին տարիներին Հայաստանում արկածային զբոսաշրջությունը մեծ զարգացում ապրեց, ինչը կարևոր է երկրի իմիջի, ինչպես նաև ավելի երիտասարդ զբոսաշրջիկների ընդգրկելու համար: Գիտենք, որ Հայաստան եկող զբաոսաշրջիկների տարիքը 35-ից, 40-ից բարձր է: Տուրիզմի այս ուղղության զարգացմամբ մենք Հայաստանը հետաքրքիր ենք դարձնում նաև երիտասարդների համար: Քովիդով պայմանավորված, կարծում ենք, որ առավել մոբիլ կլինեն հենց երիտասարդները: Այդ իսկ պատճառով ցուցահանդեսին կունենանք հատուկ տաղավար, որը նվիրված է լինելու արկածային զբոաշրջությանը, ներկայացվելու են առաջարկներ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն ներքին, այլև միջազգային զբոսաշրջիկներին»,-ասաց Գայանե Այվազյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվելու գաստրո տուրիզմը, որն, ըստ Գայանե Այվազյանի, շատ կարևոր ուղղություն է և, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտն է: Ցուցահանդեսին լինելու են հետաքրքիր ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Շեֆ-խոհարարների օգնությամբ յուրաքանչյուր մարզը ներկայացվելու է յուրովի: Համավարակով պայմանավորված՝ հյուրասիրություն չի նախատեսվում, լինելու է ավելի շատ ցուցադրություն:

Միջոցառման շրջանակում մայիսի 27-ին փակ ձևաչափով նախատեսվում են հանդիպում-քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ներկա են լինելու տեղացի և միջազգային փորձագետներ, որոնք կխոսեն համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի աշխուժացման, առողջացման մասին: Գայանե Այվազյանի խոսքով, մի կարևոր թեմա ևս քննարկվելու է՝ զբոսաշրջային արդյունքի թվայնացումը:

«Աշխարհը գնում է թվայնացման ճանապարհով: Մենք, Հայաստանը ներկայացնելիս, պետք է հաշվի առնենք նաև թվային հնարավորությունները, որպեսզի մեր զբոսաշրջային արդյունքը լայն տարածում ունենա ավելի մեծ շրջանակների համար: Այդ ուղղությամբ մեծ ծրագրեր ենք նախատեսել»,- ասաց Գայանե Այվազյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am