Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին

Armenpress 16:43, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ռուսական երկու մեծ հեռուստաընկերություն՝ НТВ  և «Россия-1»: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ НТВ հեռուստաալիքով Հայաստանի մասին պատմող հաղորդումը, ամենայն հավանականությամբ, կհեռարձակվի մայիսի 15-ին: Մայիսի վերջին էլ «Россия-1»-ով կհեռարձակվի երկու հաղորդում՝ նվիրված Հայաստանին:

«Դրանից բացի, նախատեսում ենք ռուս բլոգերների ու լրագրողների այց Հայաստան: Նրանց համար արդեն այցելության օրակարգն է կազմվում, որպեսզի ավելի հետաքրքրիր ներկայացնենք մեր երկիրը»,-ասաց Գայանե Այվազյանը:

Հայաստանի զբոսաշրջային իմիջը բարձրացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն կարևորում է նաև միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը: Մայիսի 16-19-ը Դուբայում կայանալիք միջազգային զբոսաշրջային ցուցահանեսին Հայաստանը ևս ներկայացված կլինի:

«Դա շատ լավ հնարավորություն է այս ուղղությամբ ևս առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար: Միջին արևելքի շուկաները հետաքրքիր են մեզ համար և մեծ պոտենցիալ ունեն: Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանը ներկայացնելիս հաշվի ենք առնում տվյալ շուկայի առանձնահատկությունը: Դրանից ելնելով էլ՝ փորձում ենք դիրքավորվել, հանդես գալ նոր առաջարկներով: Ամեն դեպքում, այն հիմնական պրոդուկտները, որոնք մենք ներկայացրել ենք այլ շուկաներին հետաքրքիր կլինեն նաև Դուբայում: Խոսքը գաստրո, արկածային, մշակութային տուրիզմի մասին է»,-հավելեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am