Բյուրականի աստղադիտարանի տնօրենի համոզմամբ՝ Հայաստանը գիտական մեծ ներուժ ունի

Armenpress 15:44, 19 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը վստահեցնում է՝ Հայաստանում գիտությունը բարձր մակարդակի վրա է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը Միքայելյանն ասաց, որ «Սկոպուս» գիտական տվյալների շտեմարանի տվյալներով՝ Հայաստանի նման տնտեսական ցուցանիշներ ունեցող երկրների շարքում մեր երկիրը գիտությամբ առաջին տեղում է:

Տնօրենի խոսքով՝ Հայաստանում գիտությունը տնտեսությունից մի քանի անգամ ավելի արդյունավետ է գործում: «Տնտեսական ցուցանիշներով Հայաստանն աշխարհում 136-րդ տեղում է, իսկ գիտությամբ կրկնակի բարձր ենք: 1996 թվականին Հայաստանը, ըստ «Սկոպուսի», աստղագիտությամբ 31-րդ տեղում է եղել: Վերջին տվյալները հրապարակվել են 2019 թվականին: 2019-ին Հայաստանն աշխարհում 50-րդն էր»,-նշեց նա:

Արեգ Միքայելյանը դա պայմանավորում է այն փաստով, որ տաբեր երկրներ մեծ ներդրումներ են անում գիտության բնագավառում և առաջ են գնում, իսկ Հայաստանում գիտությունը դանդաղ է զարգանում, սակայն 50-րդ տեղը նույնպես վատ ցուցանիշ չէ:

Նա ընդգծեց, որ աստղագիտությամբ հետաքրքրված են նաև երիտասարդները, և նրանցից շատերը մեծ պոտենցիալ ունեն, սակայն նախընտրում են աշխատել արտերկրում: Միքայելյանը վստահ է՝ աշխատավարձերի գոնե կրկնակի դառնալու դեպքում գիտության նվիրյալները չեն լքի երկիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am