ՀԱՊԿ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների. Մակունց

Armenpress 10:51, 27 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Հայաստանի միջազգային գործընկերներին կոչ է անում պատադիր հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանից 6 հայ զինծառայողի գերեվարման դեպքին:

«ՀՀ սահմանից մենք չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է: Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալ հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում: Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ»,- ասաց նա:

Մակունցը հավելեց, որ հանրության, բոլորի մոտ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով կարձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: «Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»,-նշեց նա:

 Մակունցը կարծում է՝ հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում ՀՀ-ն, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում են Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական տան:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am