Առևտրաարդյունաբերական պալատը զեկույց է կազմել բիզնես ոլորտում առնչվող խնդիրների վերաբերյալ

Armenpress 12:42, 31 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 31-ին մեկնարկեց «Ազգային բիզնես հարցման արդյունքների ամփոփում և առաջարկությունների վերհանում» թեմայով աշխատաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կազմակերպել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։

2021 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ, «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպությունն իրականացրել է հարցումներ ձեռնարկությունների շրջանում, Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:

Համապարփակ հարցումները նպատակ են ունեցել վեր հանել տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական առաջարկությունները գործարարների կողմից, պարզել համավարակի և պատերազմի տնտեսական հետևանքները, գործարար համայնքի համար գնահատել համավարակի և պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, բացահայտել կոռուպցիոն ընկալումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման խնդիրները ձեռնարկություններում:

Հարցումների տվյալների հիման վրա կազմվել է ընդլայնված զեկույց, որտեղ ներկայացված են հարցումների ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Միաժամանակ ամփոփվել են նաև վերոնշյալ խնդիրների հաղթահարմանն ուղղված գործարար համայնքի կողմից հնչեցված առաջարկությունները։ Հարցումներն իրականացվել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, ԱՄՆ, Վաշինգտոն) համագործակցությամբ: Զեկույցի և աշխատաժողովի արդյունքների հիման վրա ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից կամփոփվեն ներկայացված առաջնահերթությունները։ Նշված առաջներթությությունների հիման վրա կձևավորվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի պետական քաղաքականություն մշակող մարմիններին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am