1000х90.jpg (78 KB)

2021-ի առաջին 5 ամիսներին պետական բյուջեի եկամուտներն ավելի են և 2019-ի, և 2020-ի համեմատ

Armenpress 12:17, 3 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618․4 մլրդ դրամ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները կազմել են 68․6 մլրդ դրամ։ Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և 2020, և 2019 թվականների համեմատելի տվյալներից։ Մասնավորապես, նշեմ, որ 618․4 մլրդ հավաքագրված եկամուտները 47․2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34․8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից։ Վերադարձված գումարների մասով 2021 թվականի ընթացքում 68․6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից և 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020 թվականի ընթացքում վերադարձված գումարներից»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էր արձանագրվել։ «Այսինքն՝ այդ 40 տոկոս աճի վրա մենք հիմա 2019 թվականի համեմատ ունենք 8․3 տոկոսի աճ։ Ուզում եմ ընդգծել, որ այս ամենը տեղի է ունենում գումարների վերադարձի ֆոնին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am