1000х90.jpg (78 KB)

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատարն այցելել է «Եվրասիա» միջազգային համալսարան

Armenpress 15:59, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին այցելել է «Եվրասիա» միջազգային համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր պարոն Սուրեն  Օհանյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:

Վերջինս հանդիպման ընթացքում նշել է, որ համալսարանը պատրաստ է ընդունել էմիրաթցի ուսանողներին՝ ուսանելու համալսարանի տարբեր բաժիններում, հատկապես ֆարմացիայի բաժնում։

Տիկին ալ Սալամին հանդիպում-քննարկում է անցկացրել «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է արդի փուլում հայ-էմիրաթական հարաբերություններին, ինչպես նաև վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամենակարևոր ձեռքբերումներին՝ առանձնակի շեշտելով առևտրաշրջանառության ակտիվացումը, զբոսաշրջիկների թվի աճը, ներդրումային ծրագրերը, երկկողմ փոխայցելությունները։ Տիկին ալ Սալամին նշել է, որ դեսպանությունը նախատեսում է բարեգործական ծրագիր իրականացնել Շիրակի մարզի կանանց համար՝ աջակցելով նրանց ձեռք բերել մասնագիտություն։

Հանդիպման ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային արխիվի հետազոտող դր․ Աիշա Բիլխեյրը տեսակապի միջոցով հանդես է եկել «Կնոջ առաջխաղացումն ԱՄԷ-ում» խորագրով դասախոսությամբ՝ ուսանողներին ներկայացնելով տարբեր ոլորտներում էմիրաթցի կնոջ ձեռքբերումները՝  սկսած դիվանագիտությունից մինչև ռազմական գործ։ Նա նաև ներկայացրել է ԱՄԷ հիմնադիր նախագահ շեյխ Զայեդի տեսլականը կնոջը կրթելու և նրա առաջխաղացմանը նպաստելու վերաբերյալ՝ նշելով ԱՄԷ կառավարության մեծ աջակցությունն էմիրաթցի կնոջը երկրի կառավարման մեջ ներգրավելու հարցում:

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն

 

 

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am