1000х90.jpg (78 KB)

Վայոց Ձորի Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցում ՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ

Armenpress 11:04, 1 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: 2021թ. հունիսի 29-ին Վայոց ձորի Հորս գյուղում տեղի ունեցավ «Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման» դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված արարողություն: Ծրագիրն իրականացվել է համաձայն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Բեզոար» բնության պահպանության հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից «Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի» համար տրամադրվող դրամաշնորհային աջակցության շրջանակներում:

Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն ՖուկուշիմաՄասանորին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և այլք:

Սույն ծրագրի շրջանակներում, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս  բնակավայրում կառուցվել է ոռոգման ջրատար` չոր եղանակային պայմաններում համայնքին ոռոգման ջուր մատակարարելու նպատակով: Ծրագրի արդյունքում Հորս համայնքում ավելի քան 420 մարդ ունի ոռոգման ջրի կայուն մատակարարում:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին և Ճապոնիայի Կառավարությանը, ինչպես նաև նախաձեռնության բոլոր մասնակիցներին, ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ։Մարզպետը նաև շնորհավորեց դեսպան Ֆուկուշիմային Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր բացառիկ նպաստը կունենա հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում:

Իր հերթին դեսպան Ֆուկուշիման շեշտեց, որ հատկապես ուրախ է տեղեկանալ, որ ծրագրի արդյունքում Հորս համայնքում ավելի քան 420 մարդ արդեն ունի ոռոգման ջրի կայուն մատակարարում: Հաշվի առնելով գյուղատնտեսության կարևորագույն դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ այս ծրագիրը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության գերակայություններին, այն է՝ բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը` բարելավելով ոռոգման ջրի հասանելիության մակարդակը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am