Ազգային գիտական լաբորատորիան ակտիվացնում է սփյուռքահայ գիտնականների հետ աշխատանքը

Armenpress 14:05, 13 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան իր աշխատանքներում ներգրավում է նաև սփյուռքահայ գիտնականներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ․ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշեց, որ առաջիկա օրերին սփյուռքահայ ֆիզիկոսների խումբ կժամանի Հայաստան:

«Պատերազմից հետո սփյուռքահայերը ոտքի են կանգնել և պատրաստակամություն են հայտնում իրենց ներդրումն ունենալ գիտության ոլորտում: Հասկանում են, որ Հայաստանի ապագան կապված է գիտության հետ: Մենք կարող ենք գիտությունն ուժեղացնել, և Սփյուռքը պատրաստ է ամեն ձևով խրախուսել մեր ուսանողներին: Առաջիկա ուրբաթ օրը 12 սփյուռքահայ ֆիզիկոսներ կլինեն Հայաստանում, կաշխատեն տեղում: Հույս ունենք, որ այդ մասնագետների թիվը կմեծանա, առաջիկայում նոր խմբեր կունենանք: Ուսանողների համար պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որ նրանք զբաղվեն միայն գիտությամբ, կենտրոնանան գիտության վրա: Մենք հիմա մտածում ենք Հայաստանը կապել գիտությունը ֆինանսավորող ամերիկյան կազմակերպությունների հետ»,-նշեց նա:

Անի Ապրահամյանի խոսքով, Հայաստանում թե աշակերտների, թե ուսանողների շրջանում նկատվում է մեծ հետաքրքրություն գիտության նկատմամբ: Ազգային գիտական լաբորատորիայի հետ աշխատելու ցանկություն են հայտնել նաև ուսանողներ ԱՄՆ-ից: Դիմողներ կան, և 4 հոգի արդեն ընտրվել են: Առաջիկայում թե´ Հայաստանից, թե´ դրսից ուսանողներ ներգրավելու գործն ընդլայնելու նպատակ կա:

Անի Ապրահամյանը տեղեկացրեց, որ գիտական հարթությունում կազմել են համագործակցության նոր պայմանագրեր: Մասնավորապես, ԱՄՆ-ում կա նոր խոշոր ծրագիրը, որը կոչվում է «Electron-Ion Collider », որին Հայաստանի գիտնականները ևս մասնակցում են:

«Մինչ սա մեր ինստիտուտի գիտնականներն արդեն մասնակցում էին ԱՄՆ-ի Ջեֆերսոնի լաբորատորիայի աշխատանքներին: Հիմա, այս նոր ծրագրում մենք մասնակցության այլ մակարդակ ենք դնում: Պատրաստվում ենք լինել առաջնորդող, առաջ քաշել խնդիրների լուծումներ, վերցնել պատվերներ: Աշխարհում պայմանները շատ արագ փոխվում են, և պետք է մեր կապերն օգտագործենք զարգացում ապահովելու համար»,-ասաց նա:

Ազգային գիտական լաբորատորիայի կարևոր նախաձեռնություններից է միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտաարտադրական արհեստանոց կամ «մաքուր սենյակ» հիմնելը: 1 000 դասի «մաքուր սենյակ» Հայաստանում գոյություն չունի, և այդպիսի մաքուր միջավայրի ստեղծումը հնարավորություն կտա այնպիսի ուսումնասիրություններ իրականացնել, որոնք ներկայում հնարավոր չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am