Իսրայելում ցողունային բջիջների հիման վրա կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են մշակել

Armenpress 14:28, 18 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-ի դեմ նոր՝ ցողունային բջիջների օգտագործման վրա հիմնված դեղամիջոցի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է իսրայելական Հայֆա քաղաքի «Ռամբամ» կլինիկայում, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են նոր դեղամիջոցի մշակողները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանց խոսքով ՝ օրվա ընթացքում ընդամենը երեք ներարկումներ են պահանջվել, որպեսզի նորմալացնեն սատուրացիայի մակարդակը եւ զգալիորեն բարելավեն հիվանդների վիճակը։ Ներկայում մասնագետներն անցնում են փորձարկման երկրորդ փուլին:

Ինչպես պատմել է գլխավոր հետազոտող Թոմեր Բրոնշտեյնը, ավելի վաղ Bonus BioGroup Ltd ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է ցողունային բջիջների ուսումնասիրությամբ ՝ դրանցից պլաստիկ վիրաբուժության եւ օրթոպեդիայի մեջ օգտագործելու նպատակով ոսկրային հյուսվածքի աճեցման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցողունային բջիջների հիման վրա ստեղծված դեղը կարող է բացառիկ արդյունավետ լինել COVID-ի բուժման համար:

«Ցողունային բջիջներն ունեն իմունային համակարգը հանգստացնելու հատկություն։ Կարելի է ասել, որ նրանք օրգանիզմում աշխատում են որպես շտապ օգնություն։ Օրինակ, եթե կան վնասված հյուսվածքներ, այդ բջիջները կարող են վերականգնել հյուսվածքը։ Դրանք կարող են վերականգնել վնասված հյուսվածքները իմունային համակարգը հանգստացնելու միջոցով։ Հենց այդ հատկությունն է, որ մենք օգտագործում ենք, երբ փորձում ենք կորոնավիրուսի ժամանակ բուժել ցիտոկինային մրրիկը օրգանիզմում։ Մենք այդ բջիջները սկզբնական տեսքով չենք օգտագործում, մենք դրանցում որոշակի փոփոխություններ ենք մտցնում՝ փոքր, բայց դրանք օգնում են ուժեղացնել դրանց ազդեցությունը հիվանդի օրգանիզմում բորբոքային գործընթացների դեմ», - ասել է Բրենշտեյնը։

Հետազոտողների խոսքով՝ ցողունային բջիջները վերցվում են առողջ մարդկանց մոտից, մշակվում են կենսառեակտորում հատուկ տեխնոլոգիայով, բջիջներում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ, դեղամիջոցի պատրաստման ողջ գործընթացը տեւում է շուրջ 10 օր: Դեղը արտադրվում է ենթամաշկային ներարկման դեղաձեւով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am