ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն անօդաչուների կիրառմամբ հարվածներ է հասցրել սիրիա-իրաքյան սահմանին. ԶԼՄ-ներ

Armenpress 16:03, 18 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ՌՕՈՒ-ն Իրաքի և Սիրիայի սահմանին մի շարք հարվածներ է հասցրել իրաքյան շիա «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի դիրքերին: Այս մասին հուլիսի 18-ին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել շիաների աշխարհազորի 14-րդ բրիգադի զենք տեղափոխող տրանսպորտային միջոցները, որոնցից մեկը խիստ տուժել է: «Ալ Հաշդ աշ Շաաբի» մարտիկների շրջանում զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մինչդեռ, ինչպես հաղորդել Է Սիրիայի պետական SANA գործակալությունը, անօդաչու սարքի հարվածին է ենթարկվել նաեւ պարենով բեռնատար ավտոմեքենա, Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Բու Քեմալ քաղաքի շրջանում, որը գտնվում է Դեյր էզ Զորի նահանգում: Հարձակման հետեւանքով տրանսպորտային միջոցն ավերվել է, զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ սա վերջին շրջանում ամերիկացի զինվորականների մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ: Այսպես, հունիսի լույս 28-ի գիշերը ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել «Ալ Հաշդ աշ Շաաբի» դիրքերին Իրաքի և Սիրիայի սահմանին։ Հարձակման հետեւանքով զոհվել է աշխարհազորայինների առնվազն չորս մարտիկ: Բացի այդ, ինչպես տեղեկացնում Է SANA-ն, Սիրիայում երեխա է զոհվել, եւս երեք մարդ վիրավորվել է: Ի պատասխան, իրաքյան այսպես կոչված դիմադրության զինված խմբավորումները (արաբական հանրապետությունում շիաների աշխարհազորայինների միավորումը) «բաց պատերազմ» են հայտարարել ԱՄՆ-ի զինված ուժերին՝ երկրում ամերիկյան ներկայության դեմ ուղղված կոնկրետ գործողությունների իրականացմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am